Իջել էի ծխախոտ առնելու՝ մուտքի մոտ Վաղոն պատահեց.
- Իմացա՞ր խի էր ասուլիս հրավիրել:
- Դե հազար հարց կա երկրում կուտակված, Վաղո, պիտի պատասխանները տա՞ր, թե չէ:
- Հա՞, դե ասա տեսնեմ՝ էդ ո՞ր հարցիդ պատասխանը ստացար:
- Ճիշտն ասած, ոչ մի:
- Ես էլ էի քո խելքին ու իշու պես մինչև վերջ լսեցի, բայց նոր կողքի մուտքի բրոքերը ամեն ինչ բացատրեց:
- Ի՞նչ բացատրեց:
- Պարզվում ա, դա տուն ունի ծախելու, բայց էնքան քցիպ ա, որ ոչ բրոքերի ա դիմում, ոչ էլ հայտարարություն ա տալիս:
- Ճիշտ որ, ասուլիսի ժամանակ ասեց տան մասին:
- Տեսնո՞ւմ ես: Համ էլ բրոքերի ու սայթերի միջոցով քիչ մարդ ա իմանում, իսկ որ ասուլիս ա հրավիրում՝ ամբողջ աշխարհը իմանում ա, որ տուն ա ծախում:
- Եթե էդ էր նպատակը՝ էլ ինչի՞ էր մի քանի ժամ միլիոնավոր մարդկանց բան ու գործից կտրում, միանգամից տան մասին թող ասեր ու վերջացներ, էլի:
- Չես հասկանո՞ւմ, եթե ասեր, որ տուն ծախելու համար ա ասուլիս անում, ոչ մի լրագրող չէր գա, իսկ էսպես բոլորը միկրաֆոններն առնում վազում են:
- Ուրեմն իզո՞ւր էդքան ժամ ներվայնացանք:
- Մենք հլը հեչ, էն բրոքերը լուրջ կասկածներ ունի:
- Ի՞նչ կասկածներ:
- Ասում ա, որ դա կարող ա իրանց հացը կտրի:
- Էդ ո՞նց:
- Դե տուն ծախողները կարող ա սկսեն դրան դիմել, ու դա ամեն տան համար մի հատ ասուլիս կհրավիրի ու կսկսի ժամերով յուղ վառել, մինչև տունը իրա ուզած գնով ծախվի: